Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից

ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարում է, որ մեկ անգամ ևս հաստատում են իրենց հստակ դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ ԳՇ ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։

Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասել էր, թե կարծում է` հայտարարությունը հուզական արձագանք է։ Ավելին, նրա խոսքով` հրամանատարությունից ներքաշել են ոմանց։

«Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։