ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Հրապարակը բազմամարդ է։ Տեղում են նաև 17 կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն` Վազգեն Մանուկյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ քիչ անց Կապանում մեկնարկելու է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Մանուկյանի խոսքով` այսօր մեր երկրի ու ժողովրդի համար վճռական օր է, նա կոչ արեց քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ ու միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։
«Այսօր մեր երկիրը պետք է ազատ շնչի, շնչի արժանապատիվ, վերականգնի իր արժանապատվությունը, ուղղի իր ողնաշարը»,- հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։