Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանում տարաձայնությունները լուծել Սահմանադրության շրջանակներում

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։