Ավտոմեքենա գնել ու վաճառել կարելի է առանց ոստիկանության բաժանմունքներ այցելելու

Համակարգչի միջոցով օնլայն ավտոմեքենա գնելու համար անհրաժեշտ է, որ թե՛ գնորդը, թե՛ վաճառողը ունենան էլեկտրոնային քարտեր և էլեկտրոնային ստորագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ավտոմեքենա գնելու ու վաճառելու համար քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել ոստիկանության բաժանմունքներ։ Դա հնարավոր կլինի անել առցանց եղանակով։

ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել

ՀՀ ոստիկանութան այս առաջարկն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության հերթական նիստում։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը պարզաբանելով կառավարության որոշումը, ասաց. «Այսուհետ հնարավոր կլինի հեռավար կարգով` համակարգչի միջոցով իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների գնման ու վաճառքի գործընթացը։ Անհրաժեշտ է ընդամենը, որ երկու կողմերն էլ` թե՛ գնորդը, թե՛ վաճառողը ունենան էլեկտրոնային քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն»։

Նա նաև նշեց, որ առք ու վաճառքի պայմանագրի ձևն արդեն համացանցում առկա է։ Կողմերը պետք է հերթով հաստատեն այն իրենց էլեկտրոնային ստորագրությամբ։

Ճանապարհային ոստիկանություն գնորդը պետք է ներկայանա միայն մեքենայի պետհամարանիշը փոխանակելու համար։
Վարչապետը զարմացավ, թե ինչու է ավտոմեքենայի նոր տիրոջը պարտադրվում փոխել համարանիշը, եթե ինքը նման ցանկություն չի հայտնում։

«Չե՞նք կարող նախատեսել, որ եթե օնլայն մարդը վճարում է, դառնում է այդ մեքենայի սեփականատերը` նույն համարանիշով»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի աս առաջարկին արձագանքեց աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը. «Բավական խելամիտ առաջարկ է։ Առաջարկում եմ ոստիկանությանը հանձնարարել` ուսումնասիրել և վերջնական փոփոխություն բերել կառավարություն»։

Պարեկային ծառայություն ունենալը հետաձգվում է. ո՛չ շենք կա, ո՛չ մեքենաներ, ո՛չ աշխատողներ

Փոխվարչապետ Ավինյանն էլ նշեց, որ էլեկտրոնային ծառայությունները պարզեցնելւ համար առաջիկայում նախատեսվում է պարզեցնել նաև էլեկտրոնային ստորագրության ընթացակարգը։ Ավինյանի ձևակերպմամբ` դրա համար այլևս անհրաժեշտ չի լինի ունենալ հատուկ սարքեր, և ծառայությունը հասու կդառնա բոլոր քաղաքացիներին։