ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Այս պահին գտնվելով Երևանում` ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում։ Այս մասին Facebook-յան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը նաև սթափության ու ողջամտության կոչ է անում` թույլ չտալու այլևս արյուն թափել։
«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով»,– գրել է Արցախի նախագահը։
Նշենք, որ այս պահին ՀՀ կառավարության շենքում վարչապետի մոտ հավաքվել են ՀՀ ԱԺ ղեկավար կազմը, գործող քաղաքական ուժի առանցքային դեմքերն ու կառավարության անդամները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միանում է վարչապետի կոչին` բոլոր իրենց աջակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք` մոտ մեկ ժամ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Փաշինյան
Հիշեցնենք`երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով հրամանագիր ստորագրեց Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:
Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հաջորդեց «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ ԶԼՄ–ներից մեկին տված նրա մեկնաբանությանը։