Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարարություն են տարածել

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք են այս իրավիճակի հնարավոր ելքերը

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։