«Ամեն ինչ նորմալ է». Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները դուրս չեն եկել փողոց

Քաղաքապետի խոսնակի գրառմանն արձագանքել է նաև ավագանու ընդդիմադիր անդամը՝ հույս հայտնելով, որ վարչական շրջաններում ևս ամեն ինչ նորմալ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով: Facebook-ի իր էջում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե պետական, նաև քաղաքային կառույցների աշխատակիցներին ստիպում են մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

«Որևէ մեկը չի կարող քաղաքային կառույցների աշխատակիցներին ստիպել կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններից դուրս գտնվող գործողություններ»,- գրել է Կարապետյանը։

Նա հորդորել է լրատվամիջոցներին ցուցաբերել պատասխանատվություն, «չտրվել տեղեկատվական սադրանքներին և տարածել միայն ճշտված տեղեկատվություն»:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ

Կարապետյանի գրառման մեկնաբանությունների բաժնում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս արձագանքել է տարածված տեղեկություններին։ Նա նշել է, որ այս պահին գտնվում է քաղաքապետարանում և «ամեն ինչ նորմալ է»։ Նա հույս է հայտնել, որ վարչական շրջաններում ևս այդպես է։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։