ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ Տեղեկությունը «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆոն» գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ, քրեական գործ հարուցվել է, թե ոչ, դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։
Պատասխանում ասվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։
««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։
Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով. Արթուր Վանեցյան
Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որևէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։
Նշենք, որ հունվարի 13–ին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս ասել էր, որ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» ջոկատը Շուշիի մարտերի ժամանակ լքել է մարտի դաշտը։