ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Տիրան Խաչատրյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,–նշված է հրամանագրում։
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:
Հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչման էր արժանացել, ինչպես դրանից 2 օր առաջ հայտարարել էր Փաշինյանը`մարտի դաշտում իր անունը փառքով պսակելու համար։
Հիշեցնենք՝ «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ն այսօր դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ կայքի հրապարակման՝ Խաչատրյանին հարցրել են, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը։ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է ու հետո պատասխանել.
«Իհարկե հնարավոր չէ... Ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»։
Դրան հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումը, որտեղ նշված էր, որ տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:
ՊՆ–ն հայտնել էր, որ հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք։
Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ