Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական ԶԼՄ–ներում

ՄԻՊ–ը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ որևէ ճնշումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` նրան անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն: Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով այդ մասին։

«Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Նրա խոսքով` ադրբեջանական հոդվածն այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր: Թաթոյանը նշում է, որ շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ որևէ ճնշումից:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել ու վեր հանել Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի խնդիրները։

Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին

Մասնավորապես, ՄԻՊ–ն արձանագրել էր, որ ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով։

Թաթոյանը հայտնել էր նաև, որ զինված ծառայողների առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժը կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը։

Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին