Սասուն Միքայելյանը ԵԿՄ–ում, կարելի է ասել, միայնակ է մնացել. «Հրապարակ»

Հին ԵԿՄ–ականները երես են թեքել իշխանություններից և համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. «Հրապարակ» թերթն այսօրվա իր համարում անդրադարձել է Երկրապահ միությունում ստեղծված իրավիճակին։

Թերթի տվյալներով` ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։

«Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ–ականները երես են թեքել իշխանություններից և համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ Միքայելյանի և իշխանության հենարանը մնացել են Սափեյաններն ու Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը։ Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեև նրա կողքին, լավագույն դեպքում, 40–50 մարդ է մնացել»,–գրում է թերթը։

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը

Թերթի տվյալներով` երեկ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ ԵԿՄ–ում նոր` երիտասարդ մարդկանց են հավաքագրում։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։