Պետք է հիմար լինել կամ թշնամի, որ նման բան ասել. Մանուկյանը`Փաշինյանի հայտարարության մասին

Մանուկյանի խոսքով` եթե Փաշինյանը մի քիչ էլ մնա ոչ միայն Ռուսաստանի, այլ աշխարհի բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները կվատանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայ–ռուսական հարաբերությունները նոր չէ որ հարվածի տակ են։ Այսօր ընդդիմության հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերի» մասին արած հայտարարությանը։

«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

Հիշեցնենք` նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցերի պատասխանը: «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասաց Փաշինյանը:

 «Մարդ պետք է կա՛մ հիմար լինի, կա՛մ թշնամի, որ նման բան ասի։ Դրանով ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Չգիտեմ` ինքը դա դիտավորյալ արեց` Ռուսաստանի դեմ, թե դա իր սովորական ձևն է` ինքը մեղավոր չի, զենքն է մեղավոր։ Ինքն այդ զենքից ոչ մի բան չի հասկանում»,–ասաց Մանուկյանը։

Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ

Նրա խոսքով` Փաշինյանի համար նշանակություն ունի միայն այն, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ։

«Ուզում է  ասել, որ նրա օրոք գնած զենքը վատն է։ Նա այդպիսի մարդ է, նո՞ր եք ճանաչում»,–ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով` եթե Փաշինյանը մի քիչ էլ մնա ոչ միայն Ռուսաստանի, այլ աշխարհի բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները կվատանան։