ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. «Իրավունք» թերթն անդրադարձել է Արցախյան պատերազմին, Շուշիի ընկնելու պատճառներին, մեր բանակի բացթողումներին։ Թերթն այս հարցերի պատասխանը փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:
Հակոբյանը նշել է, որ այս հարցերի պատասխանն առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ-ն ստեղծի հատուկ հանձնաժողով և մանրակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողությունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմքում ընկած են մեծ խութեր:
«Պատերազմի առաջին իսկ օրվանից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված»,–ասել է Հակոբյանը:
Պատասխանելով դավաճանության և պատերազմի ելքը նախապես իմանալու մասին հարցին` Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքն այդ կարծիքին չէ: «Պարզապես մենք վատ պատրաստվել ենք և վատ կռվել։ Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի անգամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական»,–ասել է նա` հավելելով, որ մեր առաջին խնդիրն օդային թույլ պաշտպանությունն էր:
Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ
Մովսես Հակոբյանի կարծիքով` Ապրիլյան պատերազմն ու այս պատերազմն անհամեմատելի են:
Խոսելով բանակի առաջնահերթությունների մասին` Հակոբյանը նշել է, որ առաջնահերթությունները շատ են, բայց առաջին և գլխավոր խնդիրն այսօր վերակազմավորվելն է և հինգերորդ սերնդի պատերազմներ վարելուն համահունչ բանակ ստեղծելը:
Նա ընդգծել է, որ երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել առկա մարտահրավերներին: