Նախագահ Սարգսյանը հրաժարվել է ստորագրել 2 խնդրահարույց օրենքներն ու դիմել է ՍԴ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրմանն էր ներկայացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի լրատվության ծառայությունը։

«Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից: Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին:

«Վրան աշխատելու կարիք կա». բուհերի մասին վիճելի օրենքը կքննարկեն երեք շաբաթից

Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:

Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:

Նա համոզված է, որ իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:

Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա