Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները

Վերջին ամիսների ընթացքում արձանագրվել են նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանի լրագրողական 10 հասարակական կազմակերպությունները դատապարտել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ վերջին օրերին արձանագրված հարձակումները։

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված է որ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունների ընթացքում հարված է ստացել Sputnik Արմենիա կայքի օպերատոր Արամ Ներսեսյանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, կրկին թիրախավորվել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել էր ԶԼՄ-ի աշխատանքը, իսկ երբ ռադիոկայանի թղթակիցը դիմել է այդտեղ գտնվող ոստիկաններին, վերջիններս անտարբերություն և անգործություն են ցուցաբերել։

Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում

«Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ, թիրախավորել  ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս ամենը չի նպաստում հասարակության համախմբմանը, ինչն այսօր չափազանց կարևոր է։ Եվ քանի որ զանգվածային բողոքի ակցիաները շարունակականության միտում ունեն, պահանջում ենք․

ՀՀ ոստիկանությունից՝ բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի ցանկացած խոչընդոտում, բացահայտել վերոհիշյալ միջադեպերի մասնակիցներին ու բռնություն իրականացնողներին և պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև՝ ծառայողական քննություն անցկացնել ձեռնարկված գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար,
ակցիաները կազմակերպող ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հստակ ուղերձ հղել իրենց համակիրներին և հետևորդներին՝ լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվության և անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»,- նշված է հայտարարության մեջ։

Օպերատորը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել. ոստիկանության պարզաբանումը

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը հրել էր Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսեսյանին` ազատելով ճանապարհը։

Արդեն երեկոյան միջադեպ էր գրանցվել «Ազատության» լրագրողի ու օպերատորի հետ՝ ընդդիմության երթի ժամանակ։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան»-ը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը։

Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը նույնպես խստորեն դատապարտել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը: Միաժամանակ, ներքաղաքական բոլոր դերակատարներին կոչ է արվում պահպանել կոռեկտության սահմանները։