ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր` Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Այսօր նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում, և արժանացել իշխանությունների բարյացկամ վերաբերմունքին։ Այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» ,–ասել է փոխնախարարը։
Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին
Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանն էլ հայտնել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ:
Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես է եկել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Նա բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացել լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման որոշում էր կայացվել 2017-ի մարտի 13-ին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով։