ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի: Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով` հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335:
Շուրջ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել:
«Այն անձը, որը առաջնային բուժօղակից ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, դա դեռ պարտադիր հիմք չէ, որ նա ստանա հաշմանդամության խումբ: Հաշմանդամության խումբ ստանալը կամ չստանալը պայմանավորված է մարդու այդ պահին կենսագործունեության սահմանափակման հիմքով»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
Ի դեպ, աջակցություն սահմանված է նաև վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության կարգ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար: Նրանց տրամադրվում է 500 հազարական դրամ:
Նախարարի տեղակալը նշեց, որ հաշմանդամության խմբերի սահմանման համար միշտ եղել է տնայցերի գաղափարը: Այսօր էլ փորձաքննությունն իրականացվում է թե՛ բժշկական-սոցիալական փորձաքննության գրասենյակում, թե՛ հիվանդի տանը, թե՛ հիվանդանոցում:
Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում
Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունը հատուկ ընթացակարգ է նախաձեռնել պրոթեզավորման համար: Նոր ընթացակարգի համաձայն՝ ստեղծվել է բազմամասնագիտական խումբ, որը բաղկացած է նեղ մասնագետներից՝ օրթոպեդ, վնասվածքաբան և այլն: Խմբերը շրջայցեր են կատարում և, բացի տեղում անձի ֆունկցիոնալությունը գնահատելուց, կատարում են նաև տեղանքի գնահատում: Վերհանվում են անձի մասնագիտական, ինչպես նաև ընտանիքի ամբողջ կարողությունները:
«Վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են»,–տեղեկացրեց նա:
Հայաստանում հիմա գործում է որակավորված 4 պրոթեզարան: Ստեփանյանի խոսքով` նախարարությունը շահառուին տրամադրում է պետական հավաստագիր, որը հնարավորություն է տալիս նրան գնալ, ընտրել այն պրոթեզարանը, որն ինքը ցանկանում է:
«Պրոթեզավորման կարիք ունեցող 99 անձի կարիքների գնահատման տվյալները դիտարկելով՝ կարող եմ այս պահին ասել, որ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Հայաստանում պրոթեզարանների կարողություններն այնպիսին են, որ այստեղ կարող ենք այդ գծով անհրաժեշտ, որակյալ ծառայությունները տրամադրել» ,-ասաց Ստեփանյանը:
Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ այս ուղղությամբ բարեփոխումները կշարունակվեն: Աշխատանքներ են տարվելու պրոթեզարանների կարողություններն ավելացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող պարագաների ցանկն ընդլայնելու և այլ հարցերի ուղղությամբ: