Արա Սաղաթելյանին արգելվել են տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտպանը հայտնեց` բողոքարկելու են վարույթն իրականացնող մարմնի այս որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին արգելվել է տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ Սաղաթելյանին ձերբակալել էին փետրվարի 19-ին, իսկ կալանավորման որոշում էր կայացվել փետրվարի 21-ին։

«Այսօր եմ իմացել, որ նախաքննական մարմնի որոշում կա Սաղաթելյանի տեսակցություններն ու հեռախոսազրույցներն արգելելու վերաբերյալ։ Ես որոշումը դեռ չեմ տեսել և դրա հիմքին ծանոթ չեմ»,–ասաց Ենոքյանը։

Նա նշեց նաև, որ այսօր այցելել է Սաղաթելյանին։ Պաշտպանի խոսքով` ընտանիքի հետ կապերը սահմանափակելը Սաղաթելյանի իրավունքների խախտում է։ Փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել, որպեսզի այդ արգելանքը վերանա։

Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց ԱԱԾ–ի միջնորդությունը

Հիշեցնենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են