ՌԱԴԻՈ

ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ներքաղաքական ճգնաժամը լուծելու մեխանիզմը շատ պարզ է, պարզապես ցանկություն է պետք։
Sputnik
ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակը նույնն է` գործող իշխանությանը հեռացնելու հանրային պահանջը շարունակում է մնալ օրակարգային, սակայն ընդդիմությանը դեռևս չի հաջողվում հասնել կառավարության հրաժարականին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Աղբամաններով փակեցին ճանապարհը ու շարժվեցին առաջ․ շարունակվում է ընդդիմության երթը

«Այստեղ գոյություն ունի տեխնոլոգիական և քաղաքական խնդիր և կարծում եմ, որ շատ մեծ դեր կարող են ունենալ խորհրդարանական երկու ֆրակցիաները, որոնք կարծես թե և՛ ընդդիմության հետ են խաղի մեջ, և՛ իշխանության հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` գործող իշխանության հենարանը ոստիկանությունն է և միայն ոստիկանության ուժերի շնորհիվ է դեռևս գոյատևում իշխանությունը։ Պետք է այնպես անել, որ ոստիկանությունը անցնի ժողովրդի կողմը։

«Կարծում եմ` պետք է առաջին հերթին քաղաքական խնդիր դրվի, նաև ոստիկանության համար բավականին լեգիտիմ առիթ, որպեսզի իրենք անցնեն հանրության կողմը, համենայնդեպս միջազգային քաղաքականության մեջ խնդիրները այդ կերպ են լուծվել»,- նշեց Դանիելյանը։

Նրա կարծիքով` խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաները ևս կարող են խնդիրը հեշտությամբ հանգուցալուծել։ Եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն մանդատները վայր դնեն՝ խորհրդարանը կհայտնվի ճգնաժամի առաջ, և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մինչդեռ ընդդիմադիրները նշում են, որ Սահմանադրությամբ այդ ճգնաժամը չի լուծվում։

«Այդ դեպքում իր խոսքն է ասում հանրապետության նախագահը. միջազգային պրակտիկայում բազմաթիվ նման դեպքեր են եղել։ Այս հարցը պետք է դնել այդ երկու ֆրակցիաների առաջ, և նրանք պետք է կողմնորոշվեն, եթե չեն կողմնորոշվում, ապա նրանք նույն վիճակում պետք է հայտնվեն, ինչ վիճակում, որ հայտնվել են «Իմ քայլի» պատգամավորները»,- հավելեց քաղաքագետը։

Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան

Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու մասին ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, քաղաքագետն այն դեմագոգիա է որակում։

Նշենք, որ Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԼՀԿ պատգամավորները չեն պատրաստվում մանդատները վայր դնել, քանի որ արտախորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի կողմնորշվել` ինչ է ուզում։