Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան

ՀՀ արտգործնախարարը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից արված խախտումների ու մինչև օրս Ադրբեջանի չկատարած պարտավորությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Պատերազմի ժամանակ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները`ռազմագերիների վերադարձը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը

Այսօր «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

«Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։ Դրանով իսկ Ադրբեջանը ոտնահարեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը»,–ասել է Այվազյանը։

Արտգործնախարարն անդրադարձել է նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին` նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել։ Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործել է այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների:

«Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»,–ասել է նախարարը։

Նշենք, որ առցանց հանդիպումը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Արման Թաթոյանը ներկայացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ: