ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի ու իշխող կուսակցության միակ հենարանը մնում է ոստիկանությունը։ Այսօր կառավարության երրորդ մասնաշենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը` մեկնաբանելով ընդդիմության հայտարարած բողոքի ակցիայի տեղում մեծաթիվ ոստիկանական ուժերի կուտակումը։
«Հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետին։ Իսկ 2.5 տարի անց նա իրեն շրջապատւմ է հազարավոր ոստիկաններով։ Դո՞ւք եք խոսում հանրային վստահությւնից։ Ձեր հենարանը, ձեր վստահությունը մնում է միայն ոստիկանական կոշիկները, ուսադիրները, ոստիկանական այս հսկա ուժերը, որ կենտրոնացրել եք 200 մետր քայլելու համար»,– ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ այսուհետ այսպես է լինելու ամեն օր, ու իշխանությունն ստիպված է լինելու իրենց շրջապատել ոստիկանական ուժերով իր իշխանությունը պահելու համար։
Մանուկյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ոստիկանները սահմնափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը` շրջապատված պահելով կռավարության շենքերին հարակից տարածքները ու քաղաքացիներին արգելելով անցնել այդ տարածքներով։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք:
Ընդդիմադիր գործիչը կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց:
«Այդ անձը մեր երկրում ու քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30-ին եկեք կառավարության շենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ անձի ազատ տեղաշարժը»,- ասել էր Սաղաթելյանը:
Այդուհանդերձ, ընդդիմության ներկայցուցիչներից այս պահին նախատեսված վայրում միայն Գեղամ Մանուկյանն է ներկա։ Լրագրողների դիտարկմանը, թե ակցիան դեռ չի՞ սկսվել, Մանուկյանն արձագանքեց.
«Իսկ ո՞վ ասաց` չի սկսվել։ Ես այստեղ եմ կանգնած, քաղաքացինրից մեկն այստեղ, մյուսն` այնտեղ, երրորդը` մեկ այլ տեղ։ Սա էր։ Մենք ուզում էինք, որ ինքն առերեսվեր, ինքը հասկանար, որ տեղ չունի»,– ասաց Մանուկյանը։
Նշենք, որ մեկ այլ ակցիա էլ, փետրվարի 22-ին արված հայտարարության համաձայն, նախատեսված է այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ:
«Դու գնալու ես, Նիկոլ». ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա