Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին

Երևանում ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի մասնակից 51 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկել։

«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները

Նշենք, որ ոստիկանները քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի կազմակերպիչներին։ Մասնավորապես` ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին, Բագրատ Եսայանին և Իշխան Սաղաթելյանին։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին, 11:30-ին այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են, և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։

Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին

Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անխոչընդոտ կարողացավ մուտք գործել կառավարության 3-րդ մասնաշենք։