Վերականգնման մասին դեռ վաղ է խոսել․ ի՞նչը կփրկի Հայաստանի ռեստորանային բիզնեսը

Հայ ռեստորանատերերը, որոնք նկատելի վնասներ են կրել կորոնավիրուսային իրավիճակի և Արցախում ռազմական գործողությունների պատճառով, հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք, նրանց կարծիքով, կարող են ոլորտը դուրս բերել ճգնաժամից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանի ռեստորանային ոլորտը շարունակում է վնասներ կրել կորոնավիրուսի և Արցախում վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Նոր տարվա օրերին, ինչպես նաև փետրվարին գրանցված որոշակի ակտիվությունը չի կարող փոխել ընդհանուր իրավիճակը, քանի որ ոլորտին լրջագույն, կառուցողական փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

Ռեստորանային բիզնեսը, զբոսաշրջության հետ միասին, էականորեն տուժել է կորոնավիրուսային իրավիճակից բխող կարանտինի պատճառով։ Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ռեստորանատերերի հետ, քննարկել գոյություն ունեցող խնդիրները և ճգնաժամից դուրս գալու ուղիները։

Գևորգյանի խոսքով՝ սա Քերոբյանի արդեն երկրորդ հանդիպումն է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ։ 2019թ․-ի կեսերից՝ միության ձևավորման պահից, ձեռնարկատերերը երկու ամիսը մեկ հանդիպում են Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Ընդհանուր առմամբ, ամբողջ Հայաստանում գործում է հանրային սննդի մոտ չորս հազար կետ, դրանցից մոտ երկու հազարը ռեստորաններն ու սրճարաններն են։

«Վերջին ժամանակներս մոտ հազար ձեռնարկություն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, մոտ 100-ը՝ փակվել»,-ասաց Ռեստորանների հայկական միության նախագահը։

Նա նշեց, որ 2019թ․-ին ռեստորանային ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 200 միլիարդ դրամ(գրեթե 381 միլիոն դոլար), 2020թ․-ին անկումը կազմել է 30-35 տոկոս, կամ՝ 60-65 միլիարդ դրամ (մոտ 123 միլիոն դոլար։)

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

Գևորգյանը խոսքով` երկարատև դադարից հետո ոլորտում որոշ ակտիվացում է նկատվում․մարդիկ վերսկսել են սրճարաններում և ռեստորաններում ծննդյան տոներ, կնունքներ, հարսանիքներ նշել։ Սակայն դա վերաբերում է հիմնականում Հայաստանի վճարունակ քաղաքացիներին, որոնք այնքան էլ շատ չեն։ Ուստի ռեստորանային բիզնեսը կարող է ճգնաժամը հաղթահարել միայն զբոսաշրջային ոլորտի վերականգնման դեպքում։

Դրական տեղաշարժի համար ռեստորանատերերն առաջարկում են ակտիվացնել զբոսաշրջային հոսքերն այն երկրներից, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, որտեղ մեր հանրապետությունն էլ ներառել են «կանաչ գոտում»։ Անհրաժեշտ է մարքեթինգային և գովազդային արշավներ անցկացնել, այդ թվում՝ Հայաստանի իմիջի վերականգնման ուղղությամբ։

Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

«Պատերազմից հետո խիստ անհրաժեշտություն է առաջացել աշխարհին բացատրել, հավանական արտասահմանցի զբոսաշրջիկներին համոզել, որ Հայաստանն անվտանգ երկիր է»,-ասաց Գևորգյանը։

Նա նշեց նաև, որ զբոսաշրջիկներին կարելի է գրավել հյուրանոցների համարների, ավիատոմսերի, ռեստորաններում ճաշերի գների զեղչերով։ 

Բացի այդ, գործարարներն իշխանություններին խորհուրդ են տալիս վերականգնել աջակցության այն ծրագիրը, որի շրջանակներում կառավարությունը այն գործարարներին, որոնք չէին հեռացրել աշխատակիցներին և պահպանել էին աշխատատեղերը, վճարում էր նրանց աշխատավարձի 1/3-ը։

Ծրագիրը դադարեցվել է նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Մինչդեռ, Գևորգյանի կարծիքով, այն պետք է գործի այնքան ժամանակ, մինչև որ ռեստորանային ոլորտը վերադառնա 2019թ․-ի մակարդակին։

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանում պատերազմի օրերին կերակրել է 500 արցախցու. տեսանյութ

Նա ընդգծեց, որ եթե իշխանությունները կարողանան վերականգնել 2019թ․-ին գրանցված զբոսաշրջային հոսքի 50 տոկոսը, ապա 2022թ․-ին արդեն հնարավոր կլինի խոսել ռեստորանային բիզնեսի վերականգնման մասին։

Նշենք, որ արդեն երկու ամիս է, ինչ կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նկատելիորեն կրճատվել է։ Երկրում մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը գործում էր արտակարգ դրության ռեժիմը։ Հիմա Հայաստանում կարանտին է հաստատված, որը կտևի մինչև 2021թ․-ի հուլիսի 11-ը։ «Դիմակային ռեժիմը» երկրում պահպանվում է։