ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Երևանում ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը մտավ բողոքի ակցիա անողների շարքերն ու սկսեց նորից քաղաքացիներին բերման ենթարկել։ Նրանք փորձեցին բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին։
Սաղաթելյանը, սակայն, պայքարում էր, որպեսզի իրեն բերման չենթարկեն։ Որոշ ժամանակ անց նրան հանգիստ թողեցին, քանի որ Սաղաթելյանի բերանից արյուն էր գալիս։
«Ոչ մի վնասվածք էլ չեմ ստացել։ Թեթև բան է եղել, ոչինչ։ Քանի շնչում եմ` կա՛մ բանտ, կա՛մ ազատություն։ Չի քննարկվում այլ հարց` երկիրրը պետք է փրկենք այս բռնապետությունից։ Ես խոստանում եմ ժողովրդին ու իմ ընկերներին»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցրեց, որ ժամը 18-ին հանդիպելու են Հանրապետության հրապարակում։
«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին, 11:30-ին այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են, և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։
Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անխոչընդոտ կարողացավ մուտք գործել կառավարության 3-րդ մասնաշենք։