Օպերատորը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել. ոստիկանության պարզաբանումը

Գերատեսչությունում քննություն են իրականացրել ու վերլուծել են տեսանյութը՝ մեղքը բարդելով բերման ենթարկվածի վրա։ Իսկ ներողության համար ոստիկանության տեքստում տեղ չի գտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր առավոտյան ընդդիմության բողոքի ակցիան նկարահանող Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսեսյանի ընկնելու հետ կապված։

Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին

«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։

Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին»,–ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։

Սակայն տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը ձեռքով հրում նկարահանում իրականացնող օպերատորին։

Նշենք, որ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ կայացած ընդդիմության ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին բերման ենթարկելու պահին, տվյալ քաղաքացին և նրան տանող ոստիկանը ուժեղ կպել էին Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսեսյանին, ինչի հետևանքով վերջինս ընկել էր ասֆալտին։

Կանխե՛ք պետական տեռորը. Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել