Կանխե՛ք պետական տեռորը. Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել

Այս պահին ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է իրականացնում. այն մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։ Այդ մասին նշված է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարության մեջ։

Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին

«Հատուկ դիտավորությամբ բռնության ենթարկվեց նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:

Հայրենիքին դավաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին հույսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատավորող, օրենքն ու Սահմանադրությունը ոտնատակ տված մի խումբ հանցագործների վրա է։

Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է»,-նշվում է հաղորդագրության մեջ ու շեշտվում, որ բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:

«Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:

Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության այս սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:

«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք

Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը»,-հորդորում է Հայրենիքի փրկության շարժումը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդեմ Փաշինյանի ակցիայի ժամանակ վնասվածք է ստացել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ակցիայի մասնակից Ռազմիկ Արապեանը։ Ոստիկանները նաև վայր էին գցել Sputnik Արմենիայի լուսանկարիչ Արամ Ներսեսյանին։ Բերման է ենթարկվել 51 մարդ։

Այս պահին ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է իրականացնում. այն մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։