Ռոմելա Աբովյանի խոսքով` կորոնավիրուսով վարակվածների թվի աճը անվտանգության կանոնների խախտման և ոչ պատշաճ իրականացման հետևանք է. մարդիկ արդեն սկսել են աշխատանքի հաճախել, ավելի լայն շրջանակների հետ շփվել, դրան զուգահեռ՝ դիմակ չդնել և ձեռքերի հիգիենային չհետևել։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի աճ։ Վերջին 14 օրվա ընթացքում 15 տոկոսով ավելացել են թագավարակի դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
«Վարակի վերարտադրողական ցուցանիշը վերջին երկու ամսվա ընթացքում մինչև 1-ն էր, այսօր արդեն այն կազմում է 1.1, իսկ դա նշանակում է, որ կարող ենք ունենալ հիվանդացության աճ նաև մոտակա ժամանակներում»,- ասաց նա։
Ըստ մասնագետի` առաջիկա 7 օրվա ընթացքում կարող ենք ունենալ 1360 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտ 31 տոկոսը։
«Կխնդրեի, որ բնակչությունը, տարբեր տնտեսվարող գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարությունը բարձրացնեն զգոնությունը և պահպանեն այն հիմնական կանոնները, որոնք սահմանվում են համապատասխան իրավական ակտերով։ Կարևոր է զգոն լինել նաև դրական դեպքերի և նրանց հետ կոնտակտավորների հեռավար աշխատանքի կազմակերպման հարցում»,- նշեց Աբովյանը։
Վարակվածության թվի աճը անվտանգության կանոնների խախտման և ոչ պատշաճ իրականացման հետևանք է. մարդիկ արդեն սկսել են աշխատանքի հաճախել, ավելի լայն շրջանակների հետ շփվել, դրան զուգահեռ դիմակ չդնել և ձեռքերի հիգիենային չհետևել։
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ» պատվաստանյութը
«Բացի դրանից նաև մարդկային կուտակումներն են պատճառը. վերջին շրջանում բավականին միջոցառումներ են իրականացվում, որը նաև բերում է այս իրավիճակին»,- հավելեց Աբովյանը։
Նրա խոսքով` 2021 թվականի մարտից արդեն հանրապետությունում կմեկնարկի ռիսկային խմբում գտնվող անձանց պատվաստման գործընթացը։ Պատվաստումները սկզբում կիրականացվեն Sputnik V-ով, իսկ հետագայում հնարավոր է այլ պատվաստանյութ ևս ձեռք բերվի։