ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնական հատվածը` կառավարության մասնաշենքերի հարակից տարածքը, ներկա պահին շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով։
Նալբանդյան փողոցում` Սախարովի հրապրակում, Հանրապետության հրապարակում, Մելիք Ադամյանում ոստիկանության մի քանի տասնյակ ավտոբուսներ են կուտակված։ Ոստիկանության ծառայողները փակել են մետրոյի, Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգին`ՀՀ կառավարությն առաջին ու երրորդ մասնաշենքերը։
Նշենք, որ ընդդիմության հայտարարած բողոքի ակցայի մասնակիցներն այս պահին դեռ հայտարարված տարածքում չեն։ Քաղաքացիներ ևս դեռ չեն հավաքվել։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք:
Ընդդիմադիր գործիչը կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց:
«Այդ անձը մեր երկրում ու քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30-ին եկեք կառավարության շենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ անձի ազատ տեղաշարժը»,- ասել էր Սաղաթելյանը:
Նշենք, որ մեկ այլ ակցիա էլ նախատեսված է այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ:
Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը. Իշխան Սաղաթելյան