Բացի Սաղաթելյանից, այլ վնասվածք ստացող էլ կա. Մանուկյանը վստահ է` հրահանգել են ուժ կիրառել

Երևանում ընթացող ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց, սակայն այսօր ևս մեկ հանրահավաք է սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը վնասվածք էր ստացել, այժմ խորհրդակցության է։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության 3-րդ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին։ Քաշքշուկի արդյունքում սաղաթելյանի բերանից սկսեց արյուն գալ։ Ի վերջո, ոստիկանները նրան հանգիստ թողեցին։

«Դավաճան, հեռացի՛ր» վանկարկման ներքո Փաշինյանը նստեց մեքենա. սկսեցին նորից բերման ենթարկել

«Նրան խորհուրդ տվեցին բժշկի դիմել, սակայն Սաղաթելյանն ասաց, որ կարիք չկա. նրա դեմքն ու ձեռքերն են վնասվել։ Այսօր ոստիկաններին երևի հատուկ հրահանգ էր տրվել, որ ավելի շատ բռնի ուժով բերման ենթարկեն։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկի էլ ոտքն է վնասվել` շտապօգնություն ենք կանչել»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ իր տղային էլ են բերման ենթարկել և շատ կոպիտ ձևով են դա արել։ Ցավալին այն է, որ այն մարդիկ, որոնց այսօր բերման են ենթարկել, ինչպես նշեց Մանուկյանը, սեպտեմբերի 27-ին նույն տեղում հավաքվել էին և որպես կամավորներ Արցախ էին մեկնում։

Նրա խոսքով` այս ամբողջ իրավիճակը վկայում է, թե ինչ է երկրում կատարվում։ Մանուկյանը հայտնեց, որ բողոքի ակցիան այսքանով կավարտեն, սակայն այսօր ժամը 18։00-ին, նորից ակցիա կիրականացնեն` Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվելով։

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են, և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։

Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անխոչընդոտ կարողացավ մուտք գործել և դուրս գալ կառավարության 3-րդ մասնաշենք։