Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Առևանգված Boeing 737 տիպի օդանավում ուղևորներ չեն եղել, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ», - գրված է հայտարարությունում։

Կոմիտեն դեռևս չի հաստատում օդանավի առևանգման փաստը, ասելով, որ ընթանում է քննություն։

«Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին քննության ավարտից հետո», - գրված է հայտարարությունում։

Նշենք, որ փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։

Boeing 737 օդանավի առևանգման մասին քաղավիացիան պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայում սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing -737 օդանավի առևանգման մասին:

Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նախարարության պարզաբանումը

Ճաղարյանը գրել է, որ oդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և ըստ պլանի` պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրատներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: