Արցախի խորհրդարանն առաջարկում է Ադրբեջանին անցած տարածքներին տալ «օկուպացվածի» կարգավիճակ

«Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱԺ–ի հայտարարության նախագիծը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Արցախի Ազգային ժողովում այսօր քննարկվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին իրավական կարգավիճակ տալու հարցը։  

Ինչպես հայտնում է ԱՀ խորհրդարանի պաշտոնական կայքը, «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱԺ–ի հայտարարության նախագիծը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հայտարարության տեքստը հեղինակել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

25 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել հայտարարության նախագծին, և այն ներառվել է  ԱԺ–ի  առաջիկա լիագումար նիստի օրակարգում։

Ներկայացված հայտարարությամբ առաջարկվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքները համարել «օկուպացված Ադրբեջանի հանրապետության կողմից»։

Առաջարկվում է նաև արձանագրել, որ ԱՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ  ապագա բանակցությունների ընթացքում ԱՀ կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում: 

Հայտարարության տեքստում նաև արձանագրվում է, որ 1991թ.–ի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: ԱՀ 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան` ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով: ԱՀ–ը` որպես հակամարտության կողմ տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

Կքննարկվի որպես ալբանական ներկայացվող հայկական հուշարձանների հարցը. Դումանյանն Արցախում է

Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել ԱՀ դեմ։

Նշենք, որ հայտարարության նախագիծն ամբողջությամբ հրապարակվել էր 2020թ–ի դեկտեմբերի 30-ի նիստում` առաջարկելով այն ներառել 2021թ–ի նստաշրջանի օրակարգում։