Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Խաղաղապահները Ղարաբաղում արդեն պարեկային ծառայություն են իրականացնում 2 ուղղությամբ

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: 

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ:

Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:

Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը:

Եղեգնաձորի ոստիկաններն Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել մեքենայում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: