Խոստացել է կահույք առաքել, հափշտակել է գումարը. ոստիկանները բացահայտել են խարդախ ֆեյքին

Մարիամ Անանյանը համացանցում հանդես է եկել «Լունա կահույք» և «Ավա մարկետ»կեղծ անվանումներով բացված էջերով, որտեղ տեղադրել է կահույքի վաճառքի կեղծ հայտարարություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Երևանի բնակիչ Մարիամ Անանյանը 2 տարում (2018-2020 թվականներին) 30-ից ավելի խարդախություններ է կատարել ու մինչ օրս էլ շարունակում էր խաբեությամբ քաղաքացիներից գումարներ շորթել: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Վստրեչի Ապերը» կկալանավորվի. Վերաքննիչը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Մարիամ Անանյանի գործունեությունից տուժած քաղաքացիներից ոմանք դիմել են ոստիկանություն ու հայտնել, որ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում կահույք գնելու նպատակով գումար են փոխանցել ու դրա դիմաց ոչինչ չեն ստացել:

Ոստիկանությունը պարզել է, որ Մարիամ Անանյանը համացանցում հանդես է եկել «Լունա կահույք» և «Ավա մարկետ» կեղծ անվանումներով բացված էջերով, որտեղ  տեղադրել է կահույքի վաճառքի կեղծ հայտարարություններ:

Իսկ իր առաջարկներին արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվել է իր հաշվեհամարին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը: Բայց կահույքը չի առաքել, գումարն էլ հափշտակել է:

Ոստիկանությունը հայտնում է որ խարդախություններ կատարելու համար նրա նկատմամբ առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ազատազրկման տեսքով պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա երեխայի 3 տարեկան դառնալը։

Իսկ այս կարգի այլ հանցամիտների գործունեությունից չտուժելու համար ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կասկածելի գործարքներից։