Ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել. Բեքարյանը խոսեց իր դեմ հարուցված ֆեյքի գործից

Կարեն Բեքարյանը վստահեցնում է, որ իր և Արա Սաղաթելյանի դեմ տարվող գործընթացն այլ մոտիվացիա ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը վստահ է` քաղաքական գործընթաց է ինչպես իր, այնպես էլ կալանավորված ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի դեմ քայլերը։ Նա այս մասին հայտնեց լրագրողներին` Երևանի առաջին ատյանի դատարանի շենքից դուրս գալով։

«Արծրունը խաբում էր բոլորիս՝ հեչ, բայց ֆեյքը հանցագործությո՞ւն է»․ Ռուբեն Մելիքյան

Բեքարյանն ազատ արձակվեց րոպեներ առաջ։ Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշում կայացրեց մերժել ԱԱԾ–ի ներկայացրած`խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։

Բեքարյանը նշեց` հարուցված քրեական գործն ու դրա քննությունը զրո տրամաբանություն ունեն, և մոտիվացիան բոլորովին այլ տեղ է։

«Ադրբեջանը հայաստանյան IP-ների նկատմամբ սահմանափակման քաղաքականություն է կիրառել։ Սակայն հետո, երբ իմացա, որ կա համակարգ, որը հնարավորություն է տալիս այդ արգելքը շրջանցելու, այսինքն` ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայասատնյան IP է, դրանից օգտվել եմ։ Ես այստեղ որևէ արհեստական բան չեմ տեսնում»,–ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` այս գործընթացի մեջ միայն 2 հարց կա` այն, որ ճանաչում է Արա Սաղաթելյանին, և այն, որ օգտագործել է VPN համակարգ։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Հարցին, թե ճանաչո՞ւմ է գործով կալանավորված Արամ Սարգսյանին` Բեքարյանը պատասխանեց, որ բազում Արամ անունով ծանոթներ ունի, սակայն դեռ չի իդենտիֆիկացրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ կապ ունի հայտնի ֆեյքի` Գագիկ Սողոմոնյանի հետ, Բեքարյանը պատասխանեց, որ 2 տարուց ավել է և հատկապես վերջին շրջանում քաղաքակիրթ բառերով հանրությանը ներկայացնում է` որտեղից ուր ենք գնում։

«Ձեզ մեկ հարց եմ ուզում տալ. նման ֆեյքերի գրառումները` հայհոյախառն, զզվելի, ո՞ւմ օգտին են աշխատում` իմ ու իմ թիմակիցների՞, թե՞ լրիվ ընդհակառակը։ Եվս մեկ հարց` ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել իմ մոտեցումները հանրությանը ներկայացնելու»,–ասաց նա։

Հիշենենք, որ Բեքարյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։ Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին էլ կալանավորելու որոշում կայացվեց։

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան