Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԻԵԴ-ի պահանջները. հայ գերուն խոշտանգելով սպանել են

ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացները Եղիշե Կիրակոսյանը գնահատում է որպես գերիների վերադարձի բանակցային պրոցեսին նպաստող հանգամանք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի պահվածքը բնորոշող կոնկրետ օրինակներ:

Գերիների ծնողներին տեղեկացրել են` ինչ փուլում է գործընթացը. Նազելի Բաղդասարյան

«Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները պարբերաբար խախտելուն: Դատարանը վերջերս պարբերաբար դրա մաին հիշեցնում է, որ կողմերը պարտավոր են միջանյալ միջոցով պահանջվող տեղեկատվությունը տրամադրել, ժամկետները չխախտել: Բայց Ադրբեջանը խրոնիկ կերպով դա խախտում է: Եվ մենք նաև մեր գանգատի մեջ ենք դա նշել, որ Ադրբեջանը անընդհատ խախտումներ է թույլ տալիս, որոնք նաև ցավալի դեպքերի են հանգեցել»,- ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ խոսքը հունվարին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ գերեվարված անձի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն չէր տրամադրել, փոխարենը հայ գերուն հայտնաբերել էին Հադրութի մոտ, սպանված:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

«Փորձաքննությունը ցույց տվեց, որ անձը նոր մահացած է, խոշտանգումների արդյունքում: Դրա վերաբերյալ նոր մանրամասն նկարագրություն և հիմնավորումներ են ներկայացվել մեր գանգատի մեջ, և դա ակնհայտ խախտում է»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ այս փաստը նաև քաղաքական հետևանքներ ունենա Ադրբեջանի համար:

Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացները Եղիշե Կիրակոսյանը գնահատում է որպես գերիների վերադարձի բանակցային պրոցեսին նպաստող հանգամանք:

«Մենք ապացույցներ ենք հավաքում X անձի մասին, ուղարկում ենք դատարան: Դատարանին ասում ենք՝ հարգելի դատարան, մեր ապացույցների հիման վրա մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ այս անձը ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո է, խնդրում ենք միջոցներ ձեռնարկեք: Հետո կամ ստանում ենք հաստատում, կամ չենք ստանում (դեպքերի գերակշիռ մասով չենք ստանում, մի փոքր մասով ենք ստանում): Եթե ստանում ենք, դա ինչ-որ չափով գոնե երաշխիք է ստեղծում այդ անձի կյանքի իրավունքի համար, մինչև որ բանակցային պրոցեսով, ԿԽՄԿ-ի կամ խաղաղապահների միջոցով գա վերադարձի պահը»,- պարզաբանեց Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերին` Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ` սա Ադրբեջանի դեպքում նոր պրակտիկա չէ: Այն տարիներ շարունակ փորձարկվել է ՀՀ սահմանամերձ գյուղերից ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ «կարվում էին» ցուցադրական գործեր՝ ահաբեկչության ու այլ աղմկահարույց հոդվածներով:

Այսօր հայ գերիների նկատմամբ «կարվող» նմանօրինակ գործերով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է հակակշռել միջազգային ատյաններում ու միջազգային մամուլում առկա մեղադրանքները՝ իր կողմից սիրիացի վարձկանների ու ահաբեկչական խմբերի օգտագործման վերաբերյալ:

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ