Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կարող է վաղեմության խնդիր ունենալ. Կիրակոսյան

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը գանգատում ներկայացրել է բացառապես 44-օրյա պատերազմին վերաբերող փաստեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ադրբեջանական կողմը մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող է վաղեմության խնդիր ունենալ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով հունվարի 15-ին Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայցված գանգատի բովանդակությունը:

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

«Ադրբեջանական կողմի ներկայացրած գանգատը վերաբերում է ոչ միայն 2020թ.-ի հուլիսյան ու աշնան  դեպքերին, այլև Արցախյան առաջին պատերազմի դեպքերին և հետևանքներին: Նաև նշում են առաջին պատերազմից ի վեր անհետ կորածների իրավունքների մասին, այն ժամանակվա ենթադրյալ որոշակի խախտումների մասին, ինչը, կարծում եմ, իրավական առումով բավականին մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Կիրակոսյանը՝ հիշեցնելով վերջերս ՄԻԵԴ-ի կողմից մերժված հայցադիմումը Քարվաճառի վերաբերյալ ու չբացառելով, որ այս դեպքում ևս դատարանը հաշվի կառնի վաղեմության ժամկետի հարցը:

«Այդ վերջին դեպքը շատ պարզ օրինակ է, որով դատարանը փաստացի գծեց այն ժամանակային սահմանը և շեշտեց այն հանգամանքը, որ մինչ այդ պահն իրենք հնարավորություն ունեցել են գանգատ ներկայացնելու, բայց չեն արել դա»,- ասաց Կիրակոսյանը:

Նա նաև շեշտեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը գանգատում ներկայացրել է բացառապես 44-օրյա պատերազմին վերաբերող փաստեր:

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանի կողմից ամբողջական գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել 2021թ-ի փետրվարի 4-ին: 

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել էր Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացի Սամադովի ներկայցրած գանգատը, որում նա պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի էր առել այն հանգամանքը, որ գանգատը ներկայացվել էր 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի վավերացնելուց ավելի քան 6 տարի և գույքից ենթադրաբար զրկվելուց ավելի քան 15 տարի անց: Այս հիմնավորմամբ ՄԻԵԴ-ը մերժել էր գանգատը՝ դրա վաղեմության ժամկետը համարելով անցած: