ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. 25 հայ հավատացյալ ուխտագնացություն են իրականացրել` Ստեփանակերտից այցելելով Ամարասի վանք: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հայ ուխտավորների անվտանգությունն ուխտագնացության ողջ ճանապարհին իրականացրել են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները:
Նշվում է նաև, որ խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ Արցախի տարածքում տեղակայված 27 դիտակետերում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր: Պաշտոնական տվյալներով` 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս իրենց բնակավայրեր են վերադարձել 52 700 արցախցիներ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերն Արցախում ևս շարունակում են իրենց աշխատանքը: 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1 474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 454 բնակելի շենք` ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտները: Հայտնաբերվել և վնասազերծվել է ընդհանուր առմամբ 24 870 պայթուցիկ օբյեկտ: