ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Իտալիայում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ «Հայոց մայր» հուշարձանը ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում նաև լուսանկարներ են հրապարակվել։
«Հայոց մայր» հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին։ Մոր թիկնոցը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ իր եկեղեցիներով։ Մոր ուսերը նման են Արարատ լեռանը։
Բրոնզաձույլ այս հուշարձանը ցուցադրվել է Ֆլորենցիայում, Սիենայում, եվրոպական մի շարք քաղաքներում՝ Մարսելում, Փարիզում, Բրյուսելում, Ժնևում, Կոպենհագենում։ 2015 թվականի ապրիլ ամսին հուշարձանը ցուցադրվել է Վատիկանում, որտեղ Հռոմի պապը պատարագ է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։