Չմոռանանք, որ պետություն չունենալով` լեզուն է եղել մեր միասնության հիմնասյունը. նախարար

Հայաստանում 15 տարուց ավել է` փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի օր։ Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել այդ կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը: Շնորհավորելով Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ` իր ուղերձում ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ»,–նշված է ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջում հրապարակված նախարարի ուղերձում։

Դումանյանի խոսքով` պետք է չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը: Նա նշում է, որ այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին:

Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծն արդեն պատրաստ է

Հիշեցնենք, որ 2019-ին մի շարք բողոքի ակցիաներ եղան դասախոսների և ուսանողների կողմից։

Նրանք բողոքում էին աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։