ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման հերթական մեծ հանրահավաքը։ Ընդդիմությունը կրկին վերադառնում է փողոցային պայքարին, որի թիվ մեկ պահանջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ բոլորը պետք է դուրս գան փողոց։
«Իմ շրջապատում չկա մարդ, որը պաշտպանում է գործող իշխանություններին, բոլորը նրանց պիտակավորում են որպես դավաճանների։ Բայց այսօր մարդիկ դուրս չեն գալիս փողոց. մեկն ասում է` ցուրտ է, մեկն ասում է` դուրս գամ, ի՞նչ անեմ, բայց ես մի հարց ունեմ. զինվորը, որ կանգնած է խրամատում, նայո՞ւմ է եղանակին. ցուրտ է կամ անձրև, կանգնում է իր դիրքում, չէ՞»,–ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք` օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
ԶԼՄ–ում տեղեկություններ են տարածվել, որ շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այսուհետ գլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին` եռակողմ հայտարարության ընդունումից հետո, Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։
Բոլորիդ հատ առ հատ հիշելու եմ. բերման ենթարկեցին ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին