ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Հոլանդիա) ընկերությունը 2020թ․ դժվարություններ է կրել, արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։
Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։
«Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլարի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների լուծման հնարավորությունները։
Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան