Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

Ադրբեջանի կողմից արցախյան 44–օրյա պատերազմում կիրառված ֆոսֆորային զինամթերքի հանկարծակի բռնկված թեման նույնքան հանկարծակի մարեց։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ վիճակում են քիմիական այրվածքներ ստացած հայ զինծառայողները։
Sputnik

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված քիմիական զինամթերքի օգտագործման մասին տեղեկությունը նոր հարված հասցրեց հայ հասարակությանը։ Հայաստանն առաջին անգամ էր առնչվում նման սպառնալիքի հետ և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, արձագանքը խուճապային էր։ Խոսակցությունները տարբեր էին, իսկ զինվորների դաժան այրվածքային վերքերը միայն խորացնում էին ամենասարսափելի ենթադրությունները։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ հոկտեմբերի վերջին տեսանյութեր հայտնվեցին, որտեղ երևում էր Արցախի անտառների վրա թափվող շողշողացող «անձրևը»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այն օրերին հայտնում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենք են կիրառում:

Քիչ անց համացանցում սկսեցին ատիպիկ այրվածքներով սարսափելի լուսանկարներ տարածվել. զինծառայողների վերքերը չափազանց խորն էին՝ այրված մկաններով։

Միանգամից տարածվեց ՊՆ-ի պաշտոնական վարկածը, որի համաձայն, Ադրբեջանն Արցախի պաշտպանության բանակի դեմ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում։

Ակնհայտ քիմիա է

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն ասաց, որ զինծառայողների վերքերը մշտապես արնահոսել են, նույնիսկ եթե դրանք շատ փոքր են եղել: Լավանալու ընթացքում մի փոքր շարժումը բավական էր, որ վերքը նորից բացվի։ Հենց այդ պատճառով բժիշկները կասկածել են, որ գործ ունեն ոչ տիպիկ այրվածքների հետ։

DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել

Սակայն նման վերքերով զինվորներին սկսել են բուժհաստատություն ուղարկել պատերազմի առաջին իսկ օրերից, այսինքն՝ տեսանյութի հայտնվելուց շատ ավելի շուտ։

«Երբ հասկացանք, որ քիմիական խնդիր կա, մեզ մոտ 40-50 հիվանդ էր մնացել, և հենց այդ ժամանակ սկսեցինք ուսումնասիրել։ Փորձաքննություններ անցկացրինք ու սև լամպի օգնությամբ վնասված հյուսվածքներում քիմիա հայտնաբերեցինք», - ասաց նա։

Շատ հիվանդներ շնչուղիների քիմիական այրվածքներ ունեին։ Նման հիվանդները շատ երկար էին վերականգնվում ու խնդիրներ ունեին թոքերի և սրտի հետ:

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

Ոչ ոք հաստատ չգիտեր, թե հատկապես ինչ բուժում է պետք նշանակել հիվանդներին։ Չգիտեին ո՛չ տեղացի մասնագետները, ո՛չ էլ արտասահմանցիները, որոնց հայկական կողմը դիմել էր խորհրդատվության համար։

«Նրանք նույնպես խոստովանեցին, որ իրենց ունեցած տեղեկությունը բավական քիչ է։ Ըստ երևույթին, այս թեմայով ծավալուն հետազոտություններ չկան։ Մեզ պարզապես տրամադրեցին քիմիական թունավորման դեպքում առողջության համար վտանգավոր հետևանքների ցուցակը։ Երկարաժամկետ հետևանքների թվում են շնչառական ուղիների ու սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները, ուռուցքաբանությունը: Չի բացառվում նույնիսկ անպտղությունը», - հավելեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ հակաթույն` որպես այդպիսին, չի եղել, ու ամեն ինչ հիմնվում էր սիմպտոմատիկ բուժման վրա։ Իսկ օրգանիզմում փոփոխությունների դեպքում բժիշկները բուժում էին անմիջապես այդ օրգանները։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Հետաքրքիր է, որ քիմիական այրվածքներ են հայտնաբերվել նաև այն տղաների մոտ, որոնք տուժել են անօդաչուների հարվածներից։ Հայտնի է, ֆոսֆորային միջուկով ավիացիոն զինամթերքի օգտագործումը լայնորեն տարածված է ՆԱՏՕ-ի բանակներում։ Եվ վերջին արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից հենց թուրքական անօդաչու սարքեր (Bayraktar) են լայնորեն կիրառվել։

Պատերազմի օրերին համացանցում լայն տարածում ստացած հայտնի լուսանկարի հերոս Կարո Պողոսյանը մեզ ասաց, որ իր մարմնի վրա նույնպես քիմիական այրվածքներ են եղել դրոնի հարվածից հետո։

«Փորձաքննության ժամանակ վերքերիս վրա փայլող նյութեր են հայտնաբերվել։ Բարեբախտաբար, իմ քիմիական այրվածքները շատ չէին, ու դրանք հաջողվել է բուժել», - ասաց նա։

Կարոն ծանր վիրավորվել էր Հորադիզում հոկտեմբերի վերջին. այն ժամանակ հայկական ստորաբաժանումները նահանջելու հրաման էին ստացել, 22 հոգուց բաղկացած դասակը լքել էր դիրքերը։ Բայց հենց զինծառայողներով ավտոբուսը մարտական գործողությունների վայրից գրեթե 2 կմ հեռացել է, դրան հարվածել է թշնամու անօդաչու թռչող սարքը։ 22 հոգուց երեքն են ողջ մնացել, Կարոն նրանցից մեկն է։

Ի՞նչ իրավիճակ է այսօր

Այսօր արդեն այրվածքներով բոլոր մարտիկները դուրս են գրվել Այրվածքաբանական կենտրոնից ու տուն գնացել:

Ի պատասխան մեր հարցմանն այն մասին, թե ինչպես են բուժել հիվանդներին, առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ քիմիական այրվածքներով հիվանդներին բուժում էին բժշկական ուղեցույցներին համապատասխան:

Ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Արցախում 150 հա տարածք է վառվում

«Այրվածքաբանական ազգային կենտրոնում բուժում անցած զինծառայողները հետագա դիսպանսերային զննումն անցնում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում», - նշված է հաղորդագրության մեջ:

Մեզ հաջողվեց խոսել ՊԲ ժամկետային զինծառայողի քրոջ հետ (տղայի անունը չենք բացահայտի էթիկական նկատառումներից ելնելով): Նա քիմիական այրվածքներ է ստացել անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Քիմիան հայտնաբերվել է նրա ձեռքերի ու գլխի վրա։

Ալվարդը՝ 19-ամյա տղայի քույրը, ասաց, որ այրվածքային վերքերը չափազանց դանդաղ են լավանում։

«Վերքերը ահավոր քոր են գալիս, տուժած տարածքները ալերգիկ ցան են հիշեցնում. երբեմն նույնիսկ արյուն է գալիս», - ասաց նա։

Ադրբեջանը ֆոսֆորային զենքով ուզում է մասսայական անտառային հրդեհներ բռնկել. տեսանյութ

Տղան ստիպված է անընդհատ դեղորայք ընդունել քորը նվազեցնեու համար։ Միևնույն ժամանակ, զինծառայողի քույրը նշեց, որ եղբայրը օրգանիզմի թունավորում չի ունեցել։

Այրվածքաբանական կենտրոնում վերականգնողական բուժում են անցել շուրջ 120 զինծառայող։ Սակայն կենտրոնի մասնագետները օգնություն ցուցաբերել են շատ ավելի մեծ թվով հիվանդների, որոնք բուժվել են այլ բժշկական հաստատություններում. զինվորների մեծ մասի մոտ վնասվածքները համակցված են եղել:

Ի՞նչ քիմիա է

Հասկանալու համար, թե կոնկրետ որ քիմիան է օգտագործվել Արցախում, Այրվածքաբանական կենտրոնի մասնագետները նյութեր են պատրաստել հյուսվածքաբանական վերլուծության համար, որը կանցկացվի մի քանի արտասահմանյան երկրներում։ Ներկայում այդ փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են։

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

Այս կապակցությամբ զրուցեցինք երկրի լավագույն թունաբաններից մեկի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար Շավարշ Մելքոնյանի հետ:

Նրա խոսքով՝ սպիտակ ֆոսֆորն այրում է հյուսվածքներն ու շարունակում վառվել օրգանիզմի ներսում։ Մյուս կողմից՝ տուժածները կարող են զգալ օրգանիզմի վրա թունավոր դիօքսինի կլինիկական ազդեցությունը: Հաշվի առնելով, թե բաց աղբյուրներում սպիտակ ֆոսֆորի մասին ինչ է գրված, դա չափազանց թունավոր նյութ է, որը շնչահեղձ անող հոտ ունի։ Դրա մահացու չափաբաժինը 0,05-0,15 գրամն է:

«Այն, ինչ մենք ունեինք, նման չէ սպիտակ ֆոսֆորի, ամենայն հավանականությամբ, դրանք այլ արկեր էին։ Դրանց թիվն ահռելի է։ Կարծում եմ՝ մեր հակառակորդներն օգտագործել են հենց այդ զենքը, որ այրեն անտառները, որոնք նրանց առաջխաղացումը բարդացնող բնական խոչընդոտ էին», - ասաց Մելքոնյանը՝ միաժամանակ նշելով, որ քիմիական այրվածքներով հիվանդների բուժմամբ ինքը, այնուամենայնիվ, չի զբաղվել։

Նա կարծում է՝ քանի որ զինվորներն արդեն անցել են ամբուլատոր բուժման, նշանակում է՝ թունավորման լուրջ նշաններ չկան։

Հետգրություն

Մասնագետները նշում են, որ քիմիական այրվածքներով գոնե տեղական դետոքսիկացիա անցկացնելու համար անհրաժեշտ է անմիջապես ողողել տուժած հատվածները կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:

Ֆոսֆորը կարող է վնասել ոսկորներն ու ոսկրածուծը. ՊՆ-ն` Ադրբեջանի կիրառած զինամթերքի մասին

Առաջին օգնությունը կարող է շատ արդյունավետ լինել։ Սակայն 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ, մեծամասամբ, պարզապես հնարավոր չէր առաջին բուժօգնություն ցուցաբերել. հիվանդներին հիվանդանոց էին տեղափոխում ոչ շուտ, քան 24 ժամ անց։

Ընդհանուր առմամբ, քիմիան կարելի է օրգանիզմից հանել` հեռացնելով վնասված հյուսվածքները: Դա միայն այն դեպքում, երբ այրվածքը տեղային է։ Սակայն խնդիրն այն է, որ քիմիական նյութերը ներծծվում են արյան մեջ ու առաջացնում ամբողջ մարմնի թունավորում՝ ազդելով ներքին օրգանների վրա:

Հիշեցնենք, որ «պայթուցիկ ու հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումների մասին առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է Սանկտ Պետերբուրգում դեռևս 1868 թվականին:

Այդ կապակցությամբ արգելքի տակ են հայտնվել զենքի ու զինամթերքի հետևյալ տեսակները՝ մինչև 400 գրամ զանգվածով պայթուցիկներ, մարդու մարմնում հեշտությամբ շարժվող փամփուշտներ, քիմիական ու կենսաբանական զենք, ռենտգենյան ճառագայթման համար անտեսանելի բեկորներ տարածող զենք, հակահետևակային ականներ ու ական-թակարդներ, հրկիզվող զենք ու զինամթերք, կուրացնող լազերային զենք, կասետային զինամթերք:

Ֆոսֆորային զենք Արցախում․ ինչ է հայտնի արգելված զինամթերքի մասին

Ներկայում ֆոսֆորային զինամթերքի արգելման հիմնական փաստաթուղթ է համարվում Ժնևի կոնվենցիայի պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի կոնվենցիայի 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» III արձանագրությունը (1980 թ.): ԱՄՆ-ն ու Իսրայելը դրանց չեն միացել։