Պատրաստ ենք շարժվել առաջ. Փաշինյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Փաշինյանը համոզված է, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը

Նրա խոսքով`33 տարի առաջ այս օրերին սկսված ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար:

«Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ»,–ասել է վարչապետը:

Նրա խոսքով`33 տարի առաջ վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը, իսկ հիմա բոլորս հիշում և գլուխ ենք խոնարհում մեր հերոսների հիշատակի առջև:

«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը

«33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում»,–ասել է նա:

Վարչապետը շեշտել է, որ նահատակների մահը զուր չի լինի, եթե անմնացորդ նվիրվածությամբ լծվեն աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի և ապագա նվաճումների:

«33 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով»,– գրել է վարչապետը։

Նա համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»