Հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է մասնագիտական խմբի անդամների հետ, մանրամասն ծանոթացել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Արցախի և Հայաստանի սոցիալական ոլորտի պատասխանատու մասնագետներից կազմված խումբը, որը զբաղվում է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ և միաժամանակ պատրաստում նրանց պրոթեզավորման, այս օրերին գտնվում է Արցախում՝ նույն աշխատանքն իրականացնելով այստեղ։ Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ աշխատանքներին իր մասնագիտական բարձր որակների և գիտելիքների ողջ ներուժով լծված է նաև Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնի ղեկավար Կարեն Դանիելյանը։

«Այս օրերին մասնագիտական խումբն Արցախում այցելում է պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում կենսակերպի բարելավմանն ուղղված անհրաժեշտ հարցեր՝ առաջիկայում դրանք առաջնահերթորեն լուծելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է մասնագիտական խմբի անդամների հետ, մանրամասն ծանոթացել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

Թանդիլյանը շեշտել է, որ հաշմանդամություն ստացած քաղաքացիները լինելու են պետության հատուկ հոգածության ներքո, և նրանց առօրեական ամենատարրական խնդիրներն անգամ պետք է համարժեք լուծումներ ունենան։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը