ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
«Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու», - գրված է հայտարարությունում։
Այստեղ հիշատակված են 1980-90-ականներին Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերը՝ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, Հյուսիսային Արցախի բնակավայրերում։
«Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը», - գրված է հայտարարությունում։
Արցախի նախագահը 1988-ի իրադարձությունների ու ոգու մասին գրառում է արել
Նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։
«Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրսների հիշատակը։ Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը», - ավարտվում է հայտարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին