ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահ է, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում` արտահայտելով դիրքորոշում նախատեսող նախագծի վերաբերյալ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են
Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կազմվել են հրատապության սկզբունքով և դրանք կցվում են սույն հայտարարությանը:
«Ընդհանուր եզրահանգումն այն է, որ սկզբունքային առումով մտահոգիչ են նախագծի լուծումները հենց միջազգային իրավական այն մոտեցումների հաշվառմամբ, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի է՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները»,-նշել է Թաթոյանը:
Նա շեշտել է, որ կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ:
«Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձևով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով: Դրանից բացի, նախագծի հիմնավորման մեջ առաջ է քաշվել այնպիսի տրամաբանություն, որը հակասում է միջազգային իրավական մոտեցումներին»,-ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով:
Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ