ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. 33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ–ի` Արցախի վերածննդի օրվա առթիվ տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար:
«Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականությամբ, ինչի մասին բացեիբաց տարբեր ժամանակաշրջաններում հայտարարել էին հենց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը»,–ընդգծում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Պատրաստ ենք շարժվել առաջ. Փաշինյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը:
«Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության ոչնչացման փորձերով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնեն` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։
Արցախի նախագահը 1988-ի իրադարձությունների ու ոգու մասին գրառում է արել