Արցախի նախագահը 1988-ի իրադարձությունների ու ոգու մասին գրառում է արել

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարտավոր ենք շարունակել արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին

1988 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով։ Գրառումը նվիրված է այս իրադարձության տարեդարձին։

«Արցախահայությունն ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ»,- գրել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պարտավո՛ր ենք շարունակել արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար:

Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով