«Պատրոն Դավիթի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում

Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը հովանավորվել կամ պատվիրվել է այն մարդկանց կողմից, որոնք պատերազմի ընթացքում չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով կասկածելի մատակարարումներ իրականացնել ու այդ կերպ միլիոններ աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Զենք-զինամթերքի առևտրով զբաղվող գործարար, «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը դարձյալ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Իմ և իմ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում և մեզ ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։ Իրականությունն ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացիաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում»,- ասվում է հայտարարության մեջ:

Գալստյանը պնդում է, որ ՊՆ-ին իր մատակարարած զինամթերքը համապատասխանել է պայմանագրով սահմանված չափորոշիչներին և սահմանված կարգով անցել փորձարկումներ։

«Պատրոն Դավիթը» բերման է ենթարկվել ԱԱԾ. նրա մատակարարած արկերը չեն կրակել. տեսանյութ

Գալստյանը եզրակացնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակը իրեն «պատերազմում պարտության համար մեղավորների» «թոփ հնգյակում» տեղավորելն է:

«Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում, չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել»,- նշում է գործարարը:

Ի դեպ, այսօր ժամը 16։00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ իբրև խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

«Պատրոն Դավոն» վստահեցնում է` Տոնոյանի խորհրդականը չի եղել. նա հայտարարություն է տարածել

Հիշեցնենք`Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

Իշխանությունը մեղավորներ է նշանակում. ով և ինչու է հիշել «Պատրոն Դավիթի» անորակ զենքերը