Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը

Ինչպիսի՞ պատվաստանյութ պետք է ընտրեն թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, ինչո՞ւ են կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը բաղկացած երկու բաղադրիչից, և պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ են պահպանվում հակամարմինները: Հարցերի պատասխանները՝ Sputnik-ի հոդվածում։
Sputnik

Դանարա Կուրմանովա, Sputnik

Դեռ մեկ տարի առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի բռնկումը ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ։ COVID-19 պատվաստանյութերի գրանցումը թույլատրվեց արտակարգ կարգով։

Ո՞ր պատվաստանյութով պետք է պատվաստվեն տարեցները, որո՞վ՝ ալերգիկները։ Արդյոք ճի՞շտ է, որ ցանկացած պատվաստանյութ կարող է վտանգավոր լինել։ Sputnik-ն այս բոլոր հարցերը տվել է միջազգային գիտնական-վարակաբաններին։

Միֆ 1․ Հակամարմինները մնում են ընդամենը 3-4 ամի՞ս

Ինչի՞ համար պատվաստվել, եթե պատվաստանյութը, միևնույնն է, երկար չի ազդում։ Պատվաստվելուց հրաժարվելն այդպես են բացատրում COVID-դիսիդենտները և որպես փաստարկ ներկայացնում «3-4 ամիս» ցուցանիշը։ Իբր հենց այդքան ժամանակ են մարդկային օրգանիզմում պահպանվում պատվաստումից հետո առաջացող հակամարմինները։ Միայն թե մի «բայց» կա․ այդ թիվը հաստատված չէ ոչնչով, բացի սոցցանցային անանուն հրապարակումներից։

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

«Որտեղի՞ց է այդ թիվը հայտնվել։ Համացանցի՞ց։ Դե, համացանցը երևի ավելի լավ գիտի, քան վարակաբանները,- Sputnik-ին ասաց Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը,-իրականում կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութ նոր է, այնպես որ ոչ ոք ձեզ հստակ թիվ չի ասի, բայց դա 3-4 ամիս չէ։ Պատվաստումից հետո կանխատեսվող դիմադրողականությունը մեկ տարի է։ Հնարավոր է, որ այն ավելի երկար մնա, բայց դա ժամանակը ցույց կտա։

Հայաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի ձեռքբերմանը. նախարար

Մինչդեռ հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Գամալեայի անվան կենտրոնի՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված աշխատակիցների մոտ դիմադրողականությունն արդեն 9 ամիս պահպանվում է։

Միֆ 2․ Պատվաստումը կարո՞ղ է վտանգավոր լինել

Պատվաստումը ոչ բոլորին է ցուցված։ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մշակման մշտական հակացուցումներ կան․ դա ճառագայթային թերապիան է, հղիությունը, կրծքով կերակրման շրջանը կամ ալերգիկ ծանր ռեակցիաները։

Սակայն այդ սահմանափակումները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը վերջերս են ստեղծվել։ Բացարձակապես բոլոր գոյություն ունեցող պատվաստանյութերը ուղեցույցներ և նախազգուշացումներ ունեն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Օրինակ՝ ուռուցքային հիվանդություններով մարդկանց մոտ հաճախ նվազած է լինում իմունային ֆունկցիան, ուստի այդ դեպքում պատվաստանյութը կարող է պակաս արդյունավետ լինել։ Միաժամանակ ուռուցքային հիվանդություն ունեցողներին արգելված չէ պատվաստում անցնել, բայց նախքան պատվաստման մասին որոշում ընդունելը անպայման պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

Անատոլի Ալտշտեյնի խոսքով` զանգվածային շրջանառության մեջ մտնելուց առաջ պատվաստանյութը բազմաթիվ փորձարկումներ է անցնում, ուստի այն չի կարող վտանգավոր լինել։

Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին

«Ինչպես ցույց է տալիս կորոնավիրուսի մահացության վիճակագրությունը, հիվանդանալը հատկապես վտանգավոր է որոշ մարդկանց համար։ Երբ անցկացվում էին «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջանկյալ փորձարկումները, քննադատություն էր հնչում, որ հետազոտություններն անցկացվել են 20 հազար մարդու վրա, իսկ մյուս ընկերություններն անցկացրել են 40 հազար մարդու վրա։ Բայց 20 հազարը նույնպես մեծ թիվ է, և հետո նրանց հետ ամեն ինչ կարգին է. ողջ են և առողջ։ Երբ խոսքը այդ թվով մարդկանց մասին է, ինչ-որ բացասական երևույթներ թաքցնել հնարավոր չէր լինի»,-բացատրում է նա։

Ի դեպ, հեղինակավոր «The Lancet» բժշկական ամսագիրը, որը Մեծ Բրիտանիայում հրատարակվում է 1823 թվականից, արդեն հրապարակել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային փորձագիտական գնահատականը։ Ըստ փորձաքննության` կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը պատվաստանյութի 91,6% արդյունավետություն է ցույց տվել:

Միֆ 3․ Եթե պատվաստանյութը ներարկվում երկու փուլով, նշանակում է, որ այն «ծանր» է

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաճախ համեմատում են գրիպի պատվաստանյութի հետ, բայց, ըստ Ալտշտեյնի, դա ճիշտ չէ։

«Մարդկանց մոտ գրիպի նկատմամբ արդեն վաղուց է որոշակի իմունիտետ ձևավորվել, և դրա դեմ սովորաբար պատվաստվում են ամեն տարի», - ասում է նա:

Մարդու օրգանիզմի համար նոր տեսակի կորոնավիրուսը նոր երևույթ է, դրա նկատմամբ իմունիտետ դեռ չի ձևավորվել, և պատվաստումներ նախկինում չեն արվել: Այդ պատճառով էլ գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը ներարկվում են երկու փուլով, որպեսզի կայուն դիմադրողականություն ձևավորվի։

Հրապարակվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները

Հենց երկու բաղադրիչներն են ապահովում պատվաստանյութերի արդյունավետության բարձր մակարդակը․ այսպես` ռուսական «ԷպիՎակԿորոնայի» կլինիկական փորձարկումները ցույց են տալիս հարյուրտոկոսանոց արդյունավետություն, իսկ չինական «SinoPharm» պատվաստանյութը հաստատել է գրեթե 80% արդյունավետություն: Համեմատության համար նշենք, որ գրիպի պատվաստանյութը բաղկացած է մեկ բաղադրիչից, բայց օրգանիզմը պաշտպանում է միջինը 60%-ով:

Եվրոպան հանկարծ սկսեց վստահել «Սպուտնիկ V»-ին

Ավելին, պատվաստանյութի բաղադրիչների թիվը պարզապես ալգորիթմ է։ Հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը, օրինակ, բաղկացած է երեք փուլից, քանի որ հեպատիտ B-ի վիրուսի վարակայնությունը շատ բարձր է (50 անգամ բարձր է ՄԻԱՎ-ի վարակից)։

Շատ բան կախված է պատվաստանյութի բաղադրությունից․ «Սպուտնիկ V»-ն առավել ունիվերսալ է համարվում, քանի որ մշակված է բազմացման գենից զրկված վիրուսի հիման վրա, և դրա շնորհիվ կարող է պայքարել նաև կորոնավիրուսի մուտանտային մանրէահիմքերի դեմ։ Իսկ «ԷպիՎակԿորոնան» բաղկացած է վիրուսի՝ արհեստականորեն սինթեզված սպիտակուցներից, ուստի ամենաքիչ ալերգիկն է։

Միֆ 4․ Տարեցներին պատվաստել չի կարելի

Մինչև նախորդ տարվա դեկտեմբերի վերջ ավագ սերնդի ներկայացուցիչներին խորհուրդ չէին տալիս պատվաստվել կորոնավիրուսի դեմ, այնուհետև արգելքը հանվեց։ Վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Զուևը Sputnik–ին ասաց, որ դա սովորական բան է։

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար

«60-ից բարձր տարիքի մարդկանց խնամքով են վերաբերվում, ուստի պատվաստանյութեր ստեղծելիս աստիճանաբար տվյալներ են հավաքում տարբեր տարիքի մարդկանց համար դրա արդյունավետության մասին,-նշեց նա։-Ամեն դեպքում երիտասարդի և ծեր մարդու օրգանիզմները տարբերվում են, ուստի տարբեր տարիքային խմբերում պատվաստանյութը քայլ առ քայլ են տարածում։ Ես ինքս 90+ խմբին պատկանող մարդ եմ՝ 1929թ․-ին եմ ծնվել, կինս էլ է նույն տարիք։ Մենք արդեն պատվաստվել ենք և ոչինչ չենք զգացել»։

Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ

Տարեցների շրջանում պատվաստման ռիսկերի բացակայության մասին ավելի վաղ խոսել էր նաև Օքսֆորդի համալսարանի գենային թերապիայի պրոֆեսոր Լեն Սեյմուրը, որը գնահատել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը:

«Տվյալները ցույց են տալիս, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը լավ է գործում, այդ թվում՝ 60 և ավելի տարիքի մասնակիցների խմբում: Սա տպավորիչ առաջընթաց է և կարևոր ներդրում COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարում»,-շեշտեց նա։

Սեյմուրի գնահատականը թվերի վրա է հիմնված․ 60-ից բարձր տարիքի 2144 կամավորներից փորձարկումների ամենատարեց մասնակիցը հետազոտությունների անցկացման պահին 87 տարեկան է եղել։ Ուսումնասիրության ընթացքում ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել, սակայն բոլոր մասնակիցների մոտ ձևավորվել է բջջային իմունային պատասխան, որը պաշտպանում է նրանց կորոնավիրուսի ծանր ձևից:

Միֆ 5․ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել պատվաստանյութը, նշանակում է՝ մշակումը կիսատ է

Վիկտոր Զուևի խոսքով` շատերը սխալմամբ կարծում են, որ եթե համավարակը նոր է, ուրեմն պատվաստանյութը շըփ–թըփ են պատրաստել։ Վարակաբանությունը, որպես գիտություն, միշտ ձգտում է իրադարձություններից առաջ ընկնել։ Այսինքն՝ հիվանդությունը կարող է նոր լինել, սակայն անտիդոտի ստեղծման գործընթացում գիտնականները միշտ փորձում են այն տեխնոլոգիաները, որոնց վրա աշխատում են արդեն տարիներ շարունակ։

Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը

«Բացի այդ, «Սպուտնիկ V»–ին հասնելու համար մենք փաստացի 25 տարվա ճանապարհ ենք անցել,-բացատրում է Զուևը,-ի սկզբանե այն տեխնոլոգիան, որն օգտագործվում է այս պատվաստանյութի պատրաստման համար, մշակել էինք մանկական գենետիկ հիվանդությունների դեմ դեղամիջոց ստեղծելու համար։ Սակայն ընթացքում պարզ դարձավ, որ տեխնոլոգիան համապատասխանում է Էբոլա տենդի դեմ պատվաստանյութի համար, իսկ դրա մահաբերությունը շատ ավելի բարձր է,քան կորոնավիրուսինը»։

Պաշտոնական տվյալներով՝ Էբոլա տենդի դեմ պատվաստանյութի միջազգային արտոնագիրը Ն. Ֆ. Գամալեայի անվան կենտրոնին տրվել է 2017 թ․-ին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծելիս գիտնականներն օգտագործել են նույն տեխնոլոգիան։ Ինչպես ավելի վաղ ասել էր Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, պատվաստանյութերի ոչ մի մրցավազք չի եղել, պարզապես նախորդ փորձը թույլ է տվել սեղմ ժամկետում կրկնել այն, ինչն արդեն արվել էր:

Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը